ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2024-05-30 11:36:11

Հայէկոնոմբանկի Խորհրդի անդամ, քարտուղար Լուիզա Պետրոսյանը խոսել է բանկի բաժնետոմսերի թողարկումների, դրանց գրավչության, ներքին հսկողության արդյունավետ մեխանիզմների և կորպորատիվ կառավարման սկզբունքների ամրապնդման մասին:
-Վերջին տարիներին Հայէկոնոմբանկը պարբերաբար բաժնետոմսեր է թողարկում։ Առաջիկայում որևէ նոր թողարկում սպասվու՞մ է, և, ընդհանրապես, ի՞նչ սկզբունքով են իրականացվում բաժնետոմսերի թողարկումները։
-Ճիշտ նշեցիք վերջին տարիների թողարկումների մասին: 2016թ. Բանկը որդեգրեց կապիտալն ավելացնելու քաղաքականություն՝ նաև ի հաշիվ բաժնետոմսերի պարբերաբար իրականացվող տեղաբաշխումների: Այդ ժամանակից ի վեր միայն բաժնետոմսերի տեղաբաշխումների հաշվին Հայէկոնոմբանկի կապիտալն ավելացել է մոտ 13 անգամ: Վերջին թողարկումների համար լրացուցիչ խթան հանդիսացան նաև օրենսդրական փոփոխությունները՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներդրված կապիտալի պահպանման և հակացիկլիկ բուֆերների տեսքով:
Միայն այս տարվա ընթացքում Բանկի հիմնադիր բաժնետերերի կողմից կապիտալն արդեն համալրվել է մոտ 7 մլրդ ՀՀ դրամով, ինչն ամուր հիմքեր է ստեղծում Բանկի հետագա դինամիկ զարգացման համար:
Նշեմ նաև, որ հունիսի 14-ից մեկնարկում է Հայէկոնոմբանկի սովորական բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը, որը նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբերի վերջ: Տեղաբաշխման են ներկայացվել մոտ 2 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր, մեկ բաժնետոմսի արժեքը 5.360 ՀՀ դրամ է: Բաժնետոմսեր կարող են ձեռք բերել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք. բաժանորդագրության նվազագույն և առավելագույն մեծությունների սահմանափակումներ առկա չեն, այսինքն՝ հնարավոր է ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս: Ի դեպ, անցյալ տարի Բանկի բաժնետերերի ժողովի կողմից որոշում էր ընդունվել սովորական բաժնետոմսերի բաժանման վերաբերյալ, ինչի արդյունքում ապահովվեց բաժնետոմսերի մատչելիությունը պոտենցիալ բաժնետերերի ավելի լայն շրջանակի համար:
Հայէկոնոմբանկի կողմից բաժնետոմսերի տեղաբաշխումներն իրականացվում են՝ խստագույնս հետևելով գործող օրենսդրությանը և զերծ մնալով բաժնետերերի իրավունքները որևէ կերպ սահմանափակելուց: Պարտադիր ապահովվում է ինչպես տեղաբաշխման, այնպես էլ Բանկի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը:
Բանկի նկատմամբ առկա լոյալության մասին ինքնին խոսում է բանկի բաժնետերերի քանակը: Այս ցուցանիշով Հայէկոնոմբանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը բանկային սեկտորում:
-Բացի նրանից, որ բաժնետոմսը ներդրողին տալիս է կազմակերպության կառավարմանը մասնակցելու իրավունք, այն նաև եկամտի աղբյուր է: Որքանո՞վ է արդարացված Հայէկոնոմբանկի բաժնետոմսի ձեռքբերումը զուտ ֆինանսական տեսանկյունից:
-Հունիսին կկայանա Հայէկոնոմբանկի բաժնետերերի տարեկան ժողովը, որի հաստատմանը Խորհուրդը ներկայացրել է 2023թ. արդյունքներով շահաբաժիններ վճարելու հարցը: Վերջին 9 տարիների ընթացքում բանկն անընդմեջ իրականացրել է շահաբաժինների բաշխում, իսկ շահույթի մնացած մասն ուղղել է Բանկի հետագա զարգացմանը՝ նպաստելով բաժնետերերի ներդրումների հետագա աճին:
Պատկերը պարզ է և տեսանելի. տարեցտարի Բանկն ունենում է կապիտալի կայուն հավելաճ, ինչը ներդրողին, բացի շահաբաժինները, թույլ է տալիս իր ներդրման դիմաց գեներացնել լրացուցիչ եկամուտ:
Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի գրավչության ևս մեկ բաղկացուցիչ է նրանց դիմաց վճարվող շահաբաժինների հարկման ենթակա չլինելը, քանի որ բաժնետոմսերը ցուցակված են ՀՀ ֆոնդային բորսայում:
Շահաբաժինների վճարման հարցում մշտապես առաջնորդվում ենք Բանկի հետագա արդյունավետ զարգացումն ապահովելու և բաժնետերերի շահերը հաշվի առնելու սկզբունքով:
-Կորպորատիվ կառավարումը խոշոր ֆինանսական կառույցի արդյունավետ գործունեության կարևորագույն երաշխիքներից մեկն է։ Ի՞նչ քայլեր են կատարվել Հայէկոնոմբանկում վերջին տարիներին՝ ուղղված կորպորատիվ կառավարման սկզբունքների ամրապնդմանը։
-Հայաստանում Բանկն առաջիններից էր, որ սկսեց ներդնել կորպորատիվ կառավարման տարրերը: Այսօր Հայէկոնոմբանկն անընդհատ կատարելագործում է իր կորպորատիվ կառավարման համակարգը միջազգային չափանիշներին համապատասխան, քանի որ այն անհրաժեշտ բաղադրիչ է հանդիսանում շուկայում Բանկի մրցունակությունն ապահովելու համար: Բանկում ներդրված համակարգը թույլ է տալիս արդյունավետ կառավարել բաժնետերերի, Խորհրդի և Գործադիր մարմնի միջև հարաբերությունները:
Առաջնորդվելով կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձով՝ Բանկի Խորհրդի կազմում ներգրավված են անկախ անդամներ, ձևավորվել և գործում են խորհրդատվական ձայնի իրավունքով Խորհրդին կից հանձնաժողովներ՝ Աուդիտի, Կադրային քաղաքականության և Ռիսկերի:
-Բանկի հաջողության գրավականներից մեկը ներքին հսկողության արդյունավետ մեխանիզմների առկայությունն է։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հայէկոնոմբանկում այս ուղղությամբ։
-Խորհրդի հիմնական խնդիրներից են ներքին հսկողության արդյունավետ համակարգի ներդրումը և կատարելագործումը, ռիսկերի կառավարման ռազմավարության, քաղաքականությունների հաստատումը և ռիսկի ախորժակի սահմանումը:
Հայէկոնոմբանկում արդյունավետ գործում են Ներքին աուդիտի, Ռիսկերի կառավարման, Համապատասխանության, Ներքին դիտարկումների (ՓԼ/ԱՖ դեմ պայքարի) և վարկերի մոնիտորինգի հսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, որոնց գործունեությունը կոչված է ապահովելու և բարձրացնելու Բանկի ընթացիկ գործունեության նկատմամբ կիրառվող հսկողությունը:
Կցանկանայի հատուկ անդրադառնալ Բանկում ռիսկերի կառավարման թեմային՝ առանձնացնելով ՓԼ/ԱՖ ռիսկի, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների հարցը:
Ռիսկերի կառավարման գործառույթի կարևորությունն ընդգծելու նպատակով Բանկում անցյալ տարի կատարվել են փոփոխություններ թե՛ կառուցվածքային առումով, և թե՛ ռիսկերի գնահատման գործիքներում և մոտեցումներում:
Ինչ վերաբերում է ՓԼ/ԱՖ ռիսկին, ապա Հայէկոնոմբանկն ավանդաբար աչքի է ընկնում ՓԼ/ԱՖ գծով հնարավոր ռիսկի նկատմամբ պահպանողական մոտեցմամբ՝ սահմանելով ռիսկի ախորժակի ցածր մակարդակ: Մերօրյա հրամայականով պայմանավորված՝ Խորհրդի կողմից հաստատվել և Բանկում խստագույնս պահպանվում են «Միջազգային պատժամիջոցներին համապատասխանության ապահովման» քաղաքականության դրույթները, ինչի վկայությունն է Հայէկոնոմբանկի ոչ ռեզիդենտ հաճախորդների թվի գրեթե փոփոխության չենթարկվելը հայտնի աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին: Ի դեպ, այդ փաստը հատուկ արձանագրվել է նաև Ֆիթչ միջազգային վարկանշային գործակալության զեկույցում: Միջազգային պատժամիջոցների հարցում Բանկի ղեկավարությունը միաձայն ընդունել է առավելագույն շրջահայցության սկզբունքը՝ գիտակցված հրաժարվելով ոչ ռեզիդենտների հետ գործարքների պոտենցիալ շահույթից: Բանկի կողմից ներդրված տեխնիկածրագրային լուծումները, որոնց կատարելագործման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, թույլ են տալիս ժամանակին բացահայտել և կանխարգելել ֆինանսական հանցագործությունները և պատժամիջոցների շրջանցման փորձերը:
Արտաքին և ներքին միջավայրի փոփոխություններին պատշաճ արձագանքելու, ինչպես նաև ռիսկերի կանխարգելումն ապահովելու նպատակով Բանկի ղեկավարությունը մշտադիտարկում է ռիսկերի զսպման մեխանիզմների կատարելագործման գործընթացը:
Մամուլ
Օրվա լուսանկար
